Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Շատ սեր ու բարություն կա դեռ

Շատ սեր ու բարություն կա դեռ
12.04.2026 | 13:08

Հայկական ներկա մռայլ իրականությունը համարժեք արձագանքներ է ծնում՝ տխուր ու ծանրախոհ դատողություններով ու մեղադրականներով, վիրավորանքներով ու ատելախոսությամբ, որ մարդկանց առավել հոռետես ու անկամ են դարձնում, ստիպելով շատերին մեկուսանալ ու ինքնամփոփվել: Թվում է՝ սևն ու չարն են գերիշխում մեր կենսադաշտում, բայց արժե նկատել ներկայի մեջ իր անզիջում ու ցանկալի տեղը գրաված տասնյակ հուսադրող երևույթներ ու փաստեր: Հատկապես վհատված իմ հայրենակիցներին ուզում եմ հավաստել. Հայաստանում շատ սեր, բարություն, հավատ ու հավատարմություն կա նաև, կան հրաշալի մարդիկ՝ ուղնուծուծով ու ոգով հայ, համարձակ ու նվիրյալ, իրական ծառա մեր երկրին ու ժողովրդին,- հենց այն տեսակը, որ կար ու սխրանքներ էր գործում Արցախյան առաջին պատերազմի օրոք՝ ուսուսի կռվելով արցախցիների հետ, ամենայն ինչով նրանց սատարելով Հայաստանից ու Սփյուռքից: Այդ տեսակը բնավ չի անհետացել, այն ապրում է ու սպասում իր ,,վերագործարկմանը,,: Մի՜ զլացեք, տեսե՜ք ու պատմե՜ք Էդ մասին: Հայաստանցի մեր պայծառ հայրենակիցներին զորակցել ու նորովի արժևորել է պետք, ինչպես որ արցախցիներն ունեն նման վերաբերմունքի կարիք: Հարկ է վերստին միմյանց վստահել ու միավորվել, որ մեկտեղ հնարավոր լինի շուտափույթ ազատել Հայաստանը վերևներում ու ներքևներում հոխորտացող չարից:

Մեր նոր պայքարի սկիզբը սկսվում է հենց Էդ կետից:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5472

Մեկնաբանություններ